ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

«Ես հանցանք չեմ գործել»

«Ես հանցանք չեմ գործել»
24.05.2013 | 00:57

Այս շաբաթ ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկումը ջրի երես հանեց Հայաստանում առկա բոլոր խնդիրները իրենց պատճառահետևանքային կապերով` քաղաքական ուժերի որակից մինչև ընդդիմադիրների ներկուսակցական հարցերը: ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, «թունդ» քննադատելով կառավարության աշխատաոճը, ելույթի վերջում ընդգծեց, որ կառավարությունը դինամիկ զարգացնում է սփյուռքը: Սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ զրույցում նախ հարցրինք` համամի՞տ է պատգամավորի հնչեցրած տեսակետին:

-Այդպիսի արտահայտություն չկա, կան դինամիկ զարգացող Հայաստան-Սփյուռք հարաբերություններ: Դրանք տարբեր բաներ են, կարելի է կտրել մի նախադասություն ու կիսատ ասել: Այդպիսի բան չկա:
-Խոսքն ավելի շատ արտագաղթին նպաստելու «մարտավարությանն» էր ուղղված:
-Իհարկե, արտագաղթ կա: Ցավալի երևույթ է, ու պիտի պայմաններ ստեղծվեն, որ դա կրճատվի: Իմ խնդիրը մեր հայրենակիցներին սփյուռքից բերելն է և ոչ թե ասելը` այստեղից գնացեք:
-Բայց գալի՞ս են:
-Այո, իհարկե, պառլամենտում սփյուռքից եկածներ կան, դրսում` հազարավոր մարդիկ: Վկան սիրիահայերն են, որոնք հայրենիք են գալիս, ոչ թե գնում եվրոպական երկրներ: Բնական է, այսօր կան երկրներ, որոնք մեզնից ավելի լավ են ապրում, բայց ուշադրություն դարձրեք, թե ուր են գնում մեր հայրենակիցները: Նրանք չեն գնում ավելի արդար երկիր, ավելի ազատ երկիր:
-Գնում են հացի խնդիր լուծելու:
-Այո, այնտեղ, որտեղ ավելի բարձր է աշխատավարձը: Դրա համար էլ մենք պետք է աղմուկ բարձրացնենք մեր շրջափակման, անօրինականությունների, Հայ դատի, մեր իրավունքների պաշտպանության համար: Մեր ազգի լավագույն ներուժը այս խնդիրների վրա ուղղելու փոխարեն իրար են կրծում: ԱԺ այս քառօրյայում փայլուն ելույթներ եղան: Ո՞վ ասաց, որ կառավարությունը դրանից չպետք է օգտվի, ո՞վ ասաց, թե ընդդիմության մեջ խելացի մարդիկ չկան, բայց այսօր քաղաքական ելույթների ժամանակը չէ, դա ընտրական քարոզչության շրջանին է բնորոշ: Ոչ թե ամբոխահաճո ելույթներ պիտի ունենալ, այլ օգնել իշխանությանը: ԱԺ-ն միակ տեղն է, որտեղ ընդդիմությունն էլ է իշխանություն:
-Ընդդիմության ասածները իշխանությունը, մեղմ ասած, բանի տեղ չի դնում:
-Ես չեմ հավատում, որ մի ճիշտ, խելացի հարցադրում լինի, ու կառավարությունը բանի տեղ չդնի:
-Բազմաթիվ նախագծեր է ներկայացնում ընդդիմությունը, որոնք մերժվում են: Դրանց մեջ գոնե մի լավ նախագիծ չկա՞:
-Ինչու չկա, դրանցից մեկը` Բագրատյանի առաջարկը, վերջերս ընդունեցինք: Մենք ունենք բարոյական, հոգեբանական մթնոլորտը փոխելու խնդիր: Ինչպե՞ս կարող են բոլորը վատ լինել, կամ բոլորը գոհ լինել: Ով ասում է` գող են, ինքն է այդպիսին: ԱԺ-ում երբ ելույթները լսում եմ, մտածում եմ` դատարանո՞ւմ եմ, հանցա՞նք եմ գործել: Ես հանցանք չեմ գործել, առավոտից իրիկուն աշխատում եմ, որ օգնեմ` ինչքան կարող եմ: Եթե ընդդիմության մի ներկայացուցիչ գա, ասի` Հրանուշ, այս բանը փոխիր այսպես, եթե չեմ անի, թող գա ասի` չարեց: Ես դրսում ու ներսում շատ ակտիվ համագործակցում եմ դաշնակցության, ռամկավարների հետ: Նրանք են այսօր սփյուռքի քիչ թե շատ կազմակերպված կառույցները, ինչպե՞ս կարող եմ նրանցից խռովել ու չաշխատել:
-Վահան Հովհաննիսյանն առաջարկեց իշխանությունը փոխել որակապես: Գնալո՞ւ եք այդ ճանապարհով:
-Ամեն մեկն իր պատկերացումներն ունի: Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ Դուք տեսաք մեր վարչապետի հանդուրժողականությունը, գիտելիքները, առաջարկները: Չեմ կարծում, թե որևէ մեկը կարծում է, որ նա անորակ ղեկավար է: Չի կարելի նման բառեր օգտագործել: Երբեմն բառն այնպես է խոցում, ինչպես չի կարող գնդակը:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2816

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն
Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն